Պատմական Հայաստանի շատ վայրերում այն համարվել է հաղթանակի ու ռազմի աստված Վահագնի տոն: Վահագնի պաշտամունքը կատարվում էր ծիսական մեծ հանդիսություններով: Հայոց տոմարում նրա անունով է կոչվել 27-րդ օրը: Տրնդեզի կրակի բոցերի վրայով թռչելով, ըստ պատկերացումների, Վահագնի հուրը/կրակը/, հզորությունը, անպարտելիությունը, հաջողությունը անցնում են քո մեջ:
Կրակի վրայով թռչում էին հիմնականում երիտասարդներն ու երեխաները:
Տեառնընդառաջի տոնը առնչվում է կրակի մաքրագործող զորության հանդեպ ունեցած հավատի հետ: Կրակը խորհրդանիշն էր Արևի ու Լույսի, ինչպես նաև ջերմության: Կրակը համարվում էր նվիրական սրբություն: Ընտանեկան բույնը, երդիկը կոչվում է նաև օջախ, ծուխ: Կա մեկ այլ կարծիք, որի համաձայն, Տեառնընդառաջի հրավառությունը վերագրվում է հայոց Տիր, ինչպես նաև Միհր աստծուն:

