«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»: Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վառվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները: «Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ: Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում: Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի: Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ… Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ… Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով: Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես: Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ… Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:
Առաջադրանքներ
1. Ընթերցի՛ր պատմվածքը, դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու արտահայտությունները և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
հուժկու-ուժեղ, հզոր:
մացառուտ-մացառով պատված տեղ:
մռունչ-մռնչյուն, մռնչալու ձայն:
ոսկեգեղմ-ոչխարի ոսկե մորթի:
խարտյաշ -Ոսկեգույն դեղինին և բալ շագանակագույնին տվող գույնով:
խորունկ-խոր
2. Առանձնացրո՛ւ եղնիկին նկարագրող և բնութագրող հատվածները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
3.Դուրս գրի՛ր համեմատություններն ու փոխաբերությունները և բացատրի՛ր դրանք:
4. Ընթերցի՛ր պատմվածքի՝ քեզ ամենից շատ դուր եկած հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:
Ինձ ամենից շատը դուր եկավ այն հատվածը որտեղ հեղինակը ասում էր` Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վառվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները: Ինձ այդ մասն շատ դուր եկավ որովհետև ես էլ եմ սիրում մեր պատժգանբում նստած նայել հեռուն:
5. Մեկնաբանի՛ր ընդգծված հատվածները:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ։—Նա կարոտում էր անտառը։
Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:— Նա ուզում էր ազատություն