Posted in Մայրենի, անգիր

Հովհաննես Թումանյան Իմ սերը❤

Իմ սերը

Ես սիրել եմ վարդը տըժգույն
Սիրուց տանջված այտերի,
Մելամաղձոտ խաղաղություն
Զույգ սևորակ աչքերի։

Ես պահել եմ սրտիս խորքում
Մի լուռ գաղտնիք սիրային,
Եվ այն երբե՜ք, ոչ մի երգում
Հայտնելու չեմ աշխարհին։

Բայց և պահել անկարող եմ,
Օ՜, դրժվար է համբերել,
Չասել՝ ինչով բախտավոր եմ,
Չասել՝ ինչպե՜ս եմ սիրել։

Posted in Մայրենի, անգիր

Ամանորի հրաշքներ

Շնորհավոր մեր Նոր տարին…

Թող ամենուր ծաղկի բարին,

Թող Նոր տարում, Սուրբ Ծննդով

Աստված բարին միշտ կատարի։

Ձմեռ պապը թող լույս բերի,

Երջանկություն, կյանք ու բարիք,

Ջերմ խնդություն՝ օջախներին,

Մանուկներիս՝ պայծառ գալիք։

Ձմեռ պապը մեր իմաստուն

Բերի եւ երգ, բերի եւ պար,

Անսահման սեր, խաղաղություն,

Հրաշքների մի ողջ աշխարհ։

Posted in Մայրենի, անգիր

ՆՈՐ ՏԱՐՎԱ ԳԻՇԵՐ

Թե աշխարհում փակ դռներ կան,
թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ
թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ`
մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին`
հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր,
թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն,
հրաշք ապրեն այս գիշեր:

Թե աշխարհում փակ դռներ կան,
թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ
թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ`
մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին`
հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր,
թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն,
հրաշք ապրեն այս գիշեր:
Թե կան սրտեր` չար նախանձով,
դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով
խանդավառվեն այս գիշեր:
Թե մոլորված անցորդներ կան,
դարձի թող գան այս գիշեր,
Սրբագործված սիրով մտնեն
իրենց օջախն այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք,
թող ծաղկունքով կանաչեն
Ու երջանիկ սպասումով
բոլորն արբեն այս գիշեր…
Թե աշխարհում պանդուխտներ կան,
թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ
ողջագուրվեն այս գիշեր:

Posted in Մայրենի, անգիր

ՓԱՓՈՒԿ ՁՅՈՒՆ Գեղամ Սարյան

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Զգույշ իջիր դաշտերին,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին:

Հանդարտ, կամաց իջիր այնպես,
Ծաղիկները չարթնանան,
Ծածկիր նրանց քնքուշ ու հեզ,
Զգույշ, զգույշ անսահման:

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Հանգիստ, խաղաղ իջիր վար,
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկները ցրտահար:

Սովորել անգիր և նկարել դուր եկած հատվածը:

Posted in Մայրենի, անգիր

ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈՒՆԸ

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Մի գորշ խըրճիթում,
Մի հին խըրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,

Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խըրճիթից,
Էս հին խըրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խըրճիթը,

Էն հին խըրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տըղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն Է,
Գետի եզերքին,

Ծառերի տակին»։