Գարնան բացվելուն պես պետք է նախատեսել պտղատու այգիների գարնանային մշակության հետևյալ փուլերը. սպիտակեցնել ծառերի բները և կմախքային ճյուղերը, ծառերը պաշտպանել վնասատուներից և հիվանդություններից, կատարել էտ, կարգավորել ոռոգման ցանցը, պարարտացնել օրգանական և հանքային պարարտանյութերով և պատրաստել ծխակույտեր: Բույսերը տարվա ընթացքում ունենում են վեգետացիայի և հանգստի շրջան: Վեգետացիայի շրջանը սկսվում է վաղ գարնանը`բողբոջներն ուռչելու պահից, և վերջանում աշնանը` տերևաթափով: Հայաստանում դեղձենու և ծիրանենու վեգետացիան տևում է 7-8 ամիս, տանձենու, խնձորենու ներմուծված սորտերինը` 6-7 ամիս: Երիտասարդ ծառերի վեգետացիան ավելի երկար է, քան տարիքավորներինը, այն ավելի երկար է տևում բարձր ագրոտեխնիկայի պայմաններում: Տարվա ընթացքում ծառն ունենում է իրար հաջորդող փոփոխություններ` բողբոջների ուռչում, ծաղկում, շվերի աճ, պտուղների գոյացում, պտուղների հասունացում, տերևաթափ և այլն:

