Posted in հայրենագիտություն

Ասեղնագործություն

Ասեղնագործ աշխատանքներն ստեղծվում են ասեղով, երբեմն՝ հելունով, ասեղնագործող մեքենայով՝ բամբակե, վուշե, մետաքսե, բրդե թելերով, օգտագործվում են նաև ուլունքներ, մարգարիտ, ոսկեթելեր, դրամներ և այլն: Բրդե թելն առաջինն օգտագործել են Չինաստանում, մետաքսե թելը` Պարսկաստանում, ապա` Եգիպտոսում:Ասեղնագործությունը լինում է 2 տեսակ՝ կտորը կտորի վրա դրվող` վերադիր (օգտագործում են մորթի, թաղիք, կաշի), և թելքաշ կտրտովի: Ասեղնագործությունը հնագույն ծագում ունի: Սկզբում օգտագործել են բույսի փշերից կամ ձկան ոսկրերից, ապա` փայտից, փղոսկրից, մետաղից սարքած ասեղներ: Վաղ անցյալում ասեղնագործությամբ զբաղվել են ասորեստանցիները, եգիպտացիները, չինացիները, պարսիկները, հրեաները, հույները և ուրիշներ, իսկ առավել հայտնի կենտրոնը Բաբելոնն էր: Ամենահին ասեղնագործ նմուշների մասին վկայում են ասուրա-բաբելական արձանների, եգիպտական քանդակների, որմնանկարների, հունական սափորանկարների վրա պատկերված հագուստների զարդարանքները, հնագիտական պեղումներով հայտնաբերված ասեղնագործ պատառիկները: Մինչև XII դարը ասեղնագործում էին ծանր կտորներ՝ հաստ թելով, հետագայում աշխատանքները դարձել են ավելի նուրբ և բազմագույն: Չինաստանին բնորոշ ասեղնագործ պաննոները, հատկապես «սյուխուա»-ները («ասեղով գեղանկարչություն») ոճով մոտ են մետաքսի վրա տուշով կատարված չինական բնանկարներին: Ասեղնագործությունը տարածվել և զարգացել է Գերմանիայում, Անգլիայում, Ռուսաստանում և այլ երկրներում:Հին հայկական ասեղնագործության մասին վկայում են մատենագիրներ Ագաթանգեղոսը, Մովսես Խորենացին և ուրիշներ: Միջնադարից պահպանվել են ասեղնագործ պատառիկներ. Անիի պեղումներով հայտնաբերվել են XII– XIII դարերի զգեստների, ծածկոցների մնացորդներ, ինչպես և ձեռագրերի կազմաստառներ, XV դարից՝ եկեղեցական զարդարանքներ և այլն: Հայկական ասեղնագործությունը զարգացել է 3 հիմնական ուղղություններով՝ ժողովրդական (գեղջկական տարազ), քաղաքային (առևտրաարհեստավորական կենցաղ) և եկեղեցական: Ասեղնագործությունը տարածված էր Հայաստանի բոլոր գավառներում և հայաբնակ գրեթե բոլոր շրջաններում, հատկապես Վան-Վասպուրականում, Շիրակ-Կարինում, Սյունիք-Արցախում, Արարատյան երկրում, Կիլիկիայում, Կեսարիայում, Կոստանդնուպոլսում ու Թիֆլիսում: Հայկական ասեղնագործության հրաշալի նմուշներ են ստեղծվել Ղրիմում, ԱՄՆ-ում և այլուր: Հայտնի են նաև առանձին քաղաքների անուններով հիշատակված ասեղնագործություններ՝ Վանի, Մարաշի, Այնթապի, Կարինի, Տարսոնի և այլն: Տարածված զարդակարերից են շարակարը (շուլալակար), շյուղակարը (ցողունակար), հարթակարը (լիցք, ուռուցիկ, գծային և այլն), խաչկարը, կողքակարը, թելքաշը և այլն: XIX դարի 2-րդ կեսից տարբեր երկրներում բացվել են ասեղնագործական աշխատանքներ արտադրող ձեռնարկություններ: Չնայած մեքենական ասեղնագործությունը որոշ չափով ազդել է նաև հայկական ասեղնագործության վրա, այդուհանդերձ, Հայաստանում շարունակվում են հայկական ասեղնագործության ավանդույթները: Գործում են այդ արհեստն ուսուցանող տարբեր խմբակներ, հրատարակվում են ալբոմներ, կազմակերպվում ցուցահանդեսներ և այլն:

Իմ նոր հոբբի `եռաչափ ծաղիկների բրազիլական ասեղնագործություն: Բրազիլական  ասեղնագործության առանձնահատկութ… | Embroidered roses, Brazilian embroidery,  Crochet necklace
Ասեղնագործություն․ նրբագեղ և միշտ նորաձև - Artuyt | Cover Yourself with Art
Ասեղնագործություն․ նրբագեղ և միշտ նորաձև - Artuyt | Cover Yourself with Art